
«Ես երկիրը չեմ հանձնի զինված խմբավորումների ու թմրավաճառների ձեռքը». Ժովենել Մոյիզ

Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզը հայտարարել է, թե չի պլանավորում պաշտոնաթող լինել, չնայած բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների կոչերին, որոնք ավելի քան մեկ շաբաթ տեղի են ունենում կարիբյան այս երկրում: Այդ մասին հայտնել է Le Nouvelliste թերթը:
«Ես՝ պետության ղեկավար Ժովենել Մոյիզս, երկիրը չեմ հանձնի զինված խմբավորումների ու թմրավաճառների ձեռքը»,-հայտարարել է նա՝ փետրվարի 14-ի երեկոյան հանդես գալով ազգին հղած ուղերձով: Նախագահն ընդգծել է, որ «լսում է ժողովրդի ձայնը եւ գիտի նրան հուզող խնդիրների մասին»: Նրա խոսքով՝ «կառավարությունը միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման համար»:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Հայիթին ընդգրկած զանգվածային բողոքների զոհ է դարձել առնվազն յոթ մարդ: Զոհերից վերջինը մի երիտասարդ է, որին սպանել են Պորտ օ Պրենսի նախագահական պալատից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա: Նաեւ ոստիկանության եւ ցուցարարների ընդհարումների ընթացքում վիրավորվել է մի լրագրող:
Բողոքի ակցիաների մասնակիցների հիմնական մասը ամենաաղքատ շրջանների բնակիչներն են, որոնք պահանջում են նախագահ Ժովենել Մոյիզի հրաժարականը՝ նրա կառավարությանը մեղադրելով քաղաքացիներին ամենաանհրաժեշտ բաներով ապահովել չկարողանալու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: