ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց պետական հիմնարկների ֆինանսավորման բյուջեին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բյուջեի ընդունման օգտին, որը թույլ է տալիս ֆինանսավորել պետական հիմնարկությունների գործունեությունը: Ավելի վաղ բյուջեին հավանություն էր տվել Սենատը: Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված՝ բյուջեի օրինագիծն այժմ կներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
Օրենքի ընդունումը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից՝ պետական հիմնարկությունների աշխատանքի դադարեցումից ֆինանսավորման բացակայության պատճառով: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը մտադիր է փետրվարի 15-ին ստորագրել բյուջեի մասին օրենքը՝ միաժամանակ հայտարարելով երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին:
Արտակարգ դրության ռեժիմի կիրառումը Թրամփին թույլ կտա ավելացնել Մեքսիկայի հետ սահմանին արգելափակոցների կառուցման հատկացումները, քանի որ բյուջեի նախագծում, որը քննարկվում է Կոնգրեսում, այդ նպատակի համար հատկացված է սոսկ 1,375 միլիարդ դոլար՝ նախագահի կողմից պահանջված 5,7 միլիարդ դոլարի փոխարեն:
Արտակարգ դրության սահմանման դեմ վճռականորեն հանդես են եկել դեմոկրատները: Այսպես, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ «արտակարգ դրության ռեժիմի սահմանումը օրինազացություն է համազգային մասշտաբով»: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սպառնացել է դատական հայց հարուցել Թրամփի որոշման դեմ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: