Զելենսկին նախագահական վարկանիշում մեծացրել է առավելությունը Պորոշենկոյի և Տիմոշենկոյի նկատմամբ
Ուկրաինացիների ավելի քան քառորդ մասը (26,9 տոկոսը), որոնք նախագահական ընտրություններում մասնակցելու են քվեարկությանը, մտադիր է պաշտպանել շոումեն Վլադիմիր Զելենսկուն. վարկանիշում նրան հաջորդում են պետության ներկայիս ղեկավար Պյոտր Պորոշենկոն (17,7 տոկոս) եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (15,8 տոկոս):
Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ) կողմից 2019 թվականի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ն անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են փետրվարի 14-ին «Ինտերֆաքս» գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:
2018 թվականի դեկտեմբերին ԿՍՄԻ-ի կատարած հարցումը ցույց էր տվել, որ 11,9 տոկոսը (21,2 տոկոսը նրանց, ովքեր արդեն որոշել են, թե ում են ընտրելու) կքվեարկեր Յուլյա Տիմոշենկոյի օգտին, 8,2 տոկոսը (14,6 տոկոս)՝ Վլադիմիր Զելենսկու, 6,5 տոկոսը (11,6 տոկոս)՝ Պյոտր Պորոշենկոյի օգտին:
Հունվարի վերջին Զելենսկին, հարցումների համաձայն, դարձել է նախագահական ընտրարշավի առաջատարը: Բացի այդ, այն հարցվածների 9,8 տոկոսը, որոնք որոշել են, որ գնալու են ընտրությունների, պատրաստ է աջակցել «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կազմակերպության անդամ Յուրի Բոյկոյին, 6,6 տոկոսը՝ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին, 6,1 տոկոսը՝ «Քաղաքացիական ընդդիմություն» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյին:
Բոլոր հարցվածների շրջանում Զելենսկու օգտին կքվեարկեր 16,4 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 10,8 տոկոսը, Տիմոշենկոյի օգտին՝ 9,6 տոկոսը: Ընդ որում հարցման մասնակիցների 27 տոկոսն ասել է, որ դեռեւս չի որոշել, թե ում է ընտրելու: Հասարակական կարծիքի համաուկրաինական հետազոտության շրջանակներում անհատական հարցազրույցի մեթոդով հարցվել է 2007 մարդ, որոնք ապրում են Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների 134 բնակավայրերում:
Հարցումը Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում անցկացվել է միայն այն տարածքում, որը վերահսկվում է ուկրաինական իշխանության կողմից: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,3 տոկոսը: Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 44 թեկնածու: