Բաժիններ՝

Apple-ը կգործարկի «լրատվական Netflix». The Wall Street Journal

Apple կորպորացիան զբաղված է սեփական լրատվական հավելվածի ստեղծմամբ, որից կարելի կլինի օգտվել՝ ձեւակերպելով բաժանորդագրություն: Ինչպես հայտնել են The Wall Street Journal թերթի աղբյուրները, ծառայությունն արդեն ոչ պաշտոնապես անվանում են «լրատվական Netflix»։ Մտահղացման համաձայն, օգտատերերը կկարողանան առանց սահմանափակման նյութեր կարդալ տարբեր ԶԼՄ-ներից, այդ թվում՝ վճարովի:

Ըստ թերթի տեղեկատվության՝ ծառայության բաժանորդագրությունը, որը կհայտնվի Apple News հավելվածի բազայի վրա, կարժենա ամսական 10 դոլար: Սակայն ավելի ուշ գինը կարող է փոփոխվել: Նոր ծառայությունից եկամուտների կեսը Apple-ը պատրաստվում է թողնել իրեն, իսկ մյուս կեսը բաշխել լուրերի մատակարարների միջեւ: ԶԼՄ-ների վերջնական վճարումների չափը կախված կլինի նրանց կոնտենտի ժողովրդականությունից:

Ընդսմին ընկերությունը որեւէ մեկի հետ չի կիսվելու իր բաժանորդների վճարային տվյալներով եւ էլեկտրոնային հասցեներով: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, խոշոր հրատարակություններից մի քանիսը, այդ թվում՝ The New York Times-ը եւ The Washington Post-ը, դժգոհ են առաջարկած պայմաններից, սակայն բանակցությունները շարունակվում են:

Հավելվածի գործարկումը պետք է կայանա 2019 թվականի ընթացքում: Թերթի աղբյուրները նշում են, որ նոր ծառայության շնորհիվ Apple-ը հույս ունի համալրել եկամուտները iPhone-ի վաճառքների անկումից: Apple ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս