«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում». Արման Բաբաջանյան

«Այլաբանական գեղեցիկ համեմատությունները ոչ մի աղերս չունեն մեր կյանքի հետ, որովհետև եթե ձեր նկարագրած այգին ու այգեպանը եթե չունեն ներքին և արտաքին անհրաժեշտ պաշտպանություն անձրևից, կայծակից, կարկուտից, այգու ծառերը ոչ մի դեպքում ձեր այդքան գեղեցիկ նկարագրած բերքը չեն ապահովելու: Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում, երեկ էլ պաշտպանության նախարարին էին արդեն հաթաթա տալիս:

Մինչև ե՞րբ: Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ըստ նրա՝  անցած շուրջ տաս ամիսները բավարար էին այնպիսի ծրագրի մշակման համար, որը կդառնար զարգացման ռազմավարական ուղեցույց ոչ միայն առաջիկա 5, այլ 10-15 տարիների համար:

Ա. Բաբաջանյանը հայտարարեց, որ այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է, չի պարունակում որևէ ռազմավարական հենք, ծրագրի մի հատվածից չի բխեցվում մյուսը, ծրագիրը չի ներկայացնում այն առաքելությունը, որը ՀՀ-ն պետք է ստանձնի կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռահար կտրվածքով:

Կարդացեք նաև

Բաբաջանյանը ծրագրում տեսել է արձանագրում, որ առաջիկա 5 տարում և հետո ՀՀ-ն կլինի ոչ թե համաշխարհային քաղաքակրթության ու անվտանգության մատակարար, այլ ընդամենը սպառող, իսկ սովորական սպառողները սեփական օրակարգ չեն ունենում, առավել ևս չեն թելադրում, այլ ածանցվում են այլոց օրակարգին:

Պատգամավորի խոսքով՝ ծրագրից բխում է, որ Հայաստանը առաջիկա 5 տարում նախորդ 20 տարիների նման շարունակելու է վարել ինքնամեկուսացվող միավեկտոր տնտեսական քաղաքականություն, ՀՀ նոր իշխանւթյունը ոչինչ չի ձեռնարկելու նոր ռազմավարական գործընկերներ գտնելու, նոր դաշնակցային հարաբերություններ հաստատելու, երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու և հավասարակշռելու ուղղությամբ.

«Այստեղ նկարագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանգեցնում են մի շատ վտանգավոր եզրակացության՝ մենք մեր արտաքին քաղաքականությունը շարունակելու ենք վարել՝ հաշվի առնելով ոչ թե Հայաստանի և հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելության սկզբունքով և նրա հանդեպ ինչ-ինչ պարտավորություններից: Այս տեսքով Ռուսաստանը, օրինակ, դե ֆակտո հանդես է գալիս որպես մեր արտաքին քաղաքականության խոչընդոտ և աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, որը նախորդ իշխանության արատավոր արտաքին քաղաքականության արտահայտությունն է»:

Մինչդեռ, ըստ Բաբաջանյանի, Ռուսատանի հետ հնարավոր է ու պետք է զարգացնել հարաբերությունները մեկ պարտադիր պայմանով՝ այն պետք է հիմնված լինի ՀՀ արժանապատվության և ինքնիշխանության անվերապահ հարգանքի վրա:

«Կառավարության ծրագրում բացակայում է այն հենքը, որը մեզ աշխարհին կներկայացնել փոքր, բայց ազդեցություն ունեցող կամ ազդեցություն ունենալու ձգտող պետություն»,- ասաց Ա. Բաբաջանյանը:

Նա հարցադրում արեց՝ եթե այս ծրագիրը գրվեր ապրիլյան պատերազմի օրերին, այն նույն այս բովանդակությունը կունենա՞ր:

Ա.Բաբաջանյանը նշեց, որ Արցախյան կարգավորման բաժնում շատ են անորոշությունները, հստակեցված չէ կարգավիճակի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս