«ԱՄՆ արձագանքը ցուցիչ է, որ Հայաստանը մտնում է մի խաղի մեջ, որն իրենը չէ, և մենք այդ խաղը խաղալու իրավունք չունենք»

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության մարդասիրական առաքելությունը Սիրիայում: «Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշման մեջ:

Ի պատասխան հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տրամադրել է այս հարցով ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը, որը շրջանառության մեջ հայտնվեց նախօրեին:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները»,- նշում է Պետքարտուղարությունը: Ամերիկյան կողմը շեշտում է, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ցանկացած տեսակի ներգրավվածությունը:

«Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

2018թ. օգոստոսի 17-ին` Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում հիշատակված հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց օրերս` փետրվարի 8-ին, երբ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնեց Սիրիա՝ Հալեպ, ընդգրկուն դիսկուրս ծավալելով Հայաստանում այս առաքելության քաղաքական նպատակահարմարության և իրավապայմանագրային հիմքի առկայության շուրջ:

Այս ամիսների ընթացքում հայ-ռուսական աննախադեպ պրոյեկտն անխնա քննադատության ենթարկվեց` երևան բերելով վարկածներ, համաձայն որոնց՝ ՀՀ իշխանություններն այս պրոյեկտով փորձում են վերացնել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները: Մի շարք հայ քաղաքագետներ կանխատեսում էին ոչ միայն մի շարք ռիսկեր՝ կապված Սիրիա մեկնած առաքելության մասնակիցների, ՀՀ անվտանգության հետ, այլև արտաքին քաղաքական խնդիրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ:

Սիրիա ուղարկված հայաստանյան առաքելությանն ԱՄՆ-ը առաջին անգամը չէ, որ անդրադառնում է: Հոկտեմբերի վերջին Երևանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում սխալ կլինի: Նա նշել էր, որ այդ թեման քննարկել է ՀՀ նախագահի և նրա խորհրդականների հետ: Բոլթոնի դիտարկումների համաձայն, ԱՄՆ-ը ևս մարդասիրական առաքելություն է իրականացնում:

Ըստ նրա, կարևորն այն է, որպեսզի այդ առաքելությունը չանդրադառնա քաղաքականության, կողմերի հարաբերությունների վրա: ԱՄՆ նախագահի խորհրդականն ասել էր, որ իրեն ՀՀ-ում հավաստիացրել են, որ Սիրիա մեկնող առաքելությունը զուտ մարդասիրական է և չի պարունակելու որևէ ռազմական տարր: «Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,- ասել էր Բոլթոնը:

«168 Ժամի» հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Պետդեպն ինքը հարկ չի համարել արձագանքել հումանիտար առաքելության մեկնարկին, այլ լրատվամիջոցներն են խնդրել, և, ըստ էության, այդ հարցման հիման վրա է Պետդեպը դիրքորոշում հայտնել:

«Պետդեպարտամենտը, իհարկե, հասկացնում է, որ դա Հայաստանի իրավունքն է՝ ուղարկել որևէ առաքելություն, ունենալ մտահոգություն այնտեղ ապրող կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական փոքրամասնության վերաբերյալ: Բայց ակնհայտորեն հստակ է դարձրել, որ ինքը չի ողջունում դա: Ինքը չի պարտադրում Հայաստանին վերանայել կամ չանել որևէ քայլ, բայց հստակ նշվում է, որ իրենց կողմից չի կարող ոջունվել»,- ասաց Սաֆարյանը:

Իր հերթին՝ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը նշեց, որ Պետդեպի այս գնահատականը սպասելի էր, ի դեպ, այն սպասելի էր այս առաքելության մասին տեղեկությունների հրապարակվելու առաջին իսկ օրվանից: Ըստ նրա, այս կոշտ արձագանքի պատճառը ոչ միայն այս առաքելությունն է, այլև ՀՀ ողջ արտաքին քաղաքականությունը, ՀՀ խիստ ռուսամետ արտաքին քաղաքականությունը, երբ մենք աշխարհում այլևս ոչինչ հաշվի չենք առնում, և Սիրիա զորք ուղարկելն այդ քաղաքականության ընդամենը մեկ արտահայտությունն էր, և ԱՄՆ այդ արձագանքն էլ ընդամենը այդ մեկ առիթն օգտագործելն էր։

«Սա ցուցիչ է այն բանի, որ մենք մտնում ենք մի խաղի մեջ, որը որ մերը չէ, և մենք պարզապես այդ խաղը խաղալու իրավունք չունենք: Մտնելով Սիրիա՝ մենք խնդիրներ ենք ստեղծում և՛ մեր զինվորների համար, և՛ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների համար, և՛ հենց ՀՀ-ի համար: Սա չէր կարելի հաշվի չառնել: Նաև մեր զորախումբը Սիրիայում է գտնվում ՀՀ բազմաթիվ օրենքների խախտմամբ, սա պարզապես ինքնիրավչություն է»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Հարցին, թե ՀՀ կառավարությունն ի՞նչ հետևություններ պետք է անի ԱՄՆ այս արձագանքից, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ կարևոր է հանրությանը բացատրել այս քայլի անհրաժեշտությունն անվտանգային քաղաքականությունների տեսանկյունից, դրա օգուտները Հայաստանի համար, ինչպես նաև օրինականությունը: Ս. Սաֆարյանը ենթադրում է, որ Հայաստանն ընդառաջելով Ռուսաստանի շահերին՝ դրա դիմաց գոնե ինչ-որ բան ստանում է.

«Ես կարող եմ ենթադրել, որ դրա արդյունքում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն է խորանում: Փաստ չունեմ, բայց կարող եմ համարել ՍՈՒ կործանիչների ձեռքբերումն այդ օգուտներից մեկը, թե այլ ինչ կա՝ չեմ կարող պնդել: Միգուցե կա այլ սպառազինությունների տրամադրման խնդիր: Կարծում եմ` առաջին հերթին՝ Կառավարությունն ինքը պետք է ասի, թե ինչ է ստանում, մենք առայժմ տեսնում ենք միայն ռիսկեր, իսկ թե կոնկրետ ինչ օգուտներ կան, իշխանությունն ինքը պետք է բացատրի»:

Ի տարբերություն Սաֆարյանի, Ա. Ենոքյանը կարծում է, որ այս առաքելությամբ Հայաստանը նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում որևէ օգուտ չի ստանալու: «Սա Հայաստանի զինվորների և ՀՀ քաղաքացիների հաշվին Ռուսաստանին արված նվեր էր, որը գուցե մի փոքր աշխատեց, բայց Ռուսաստանը կրկին իր կոշտ դիրքորոշումներով է հանդես գալիս ՀՀ իշխանությունների հանդեպ»,- ասաց Ենոքյանը։

Նրա կարծիքով, այս գնահատականը մեղմելու և ընդհանուր առմամբ հումանիտար առաքելության շուրջ ստեղծված ռիսկային իրավիճակը վերացնելու համար ՀՀ Կառավարությունը պետք է այս առաքելության իրավապայմանագրային հիմքը, եթե այն գոյություն ունի, բերի ԱԺ, թափանցիկ քննարկումներ տեղի ունենան, և հետ բերի առաքելությունը Սիրիայից: Հայաստանը, ըստ նրա, պարտավոր է նաև բազմավեկտոր քաղաքականություն վարել:

«Հիմա բոլորը դրել ենք մեկ զամբյուղում և վախով սպասում ենք, թե երբ է ռուսը ոտքով հարվածելու այդ զամբյուղին՝ մեր ողջ արտաքին քաղաքականությունը փշուր-փշուր անելով»,- ասաց նա: Իսկ ըստ Ս. Սաֆարյանի՝ ամենակարևորն այն է, որպեսզի հանրությունն իրազեկ լինի, թե որն է այս քայլի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության համար:

Տեսանյութեր

Լրահոս