«Սիրիա ուղարկած հայկական զորախմբի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է». «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր
Սիրիա մեկնած հայ զորախմբի հետ կապված բազմաթիվ կողմ և դեմ կարծիքներ հնչեցին, ոմանց կարծիքով՝ զորախումբը կարող է հումանիտար աջակցություն ցուցաբերել Սիրիայի հայկական համայնքին, իսկ ավելի մասնագիտական շրջանակների համար՝ զորախմբի Սիրիա ուղարկելը խախտում է ՀՀ Զինված ուժերի մասին օրենքը։
Այս հարցին բազմիցս անդրադարձել է ՀՀԿ անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը: Նա տարբեր առիթներով մի քանի հարցեր էր բարձրաձայնել՝ կապված այն հանգամանքի հետ, որ զորախումբը Սիրիա է մեկնելու առանց միջազգային համապատասխան պայմանագրի առակայության, ավելին՝ երաշխավորված չէ Սիրիայում հայ զինվորների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև՝ չկա այն փաստաթուղթը, որով Սիրիայի իշխանությունները զորախումբ ուղարկելու համար խնդրանքով դիմել են ՀՀ իշխանություններին։
Չնայած ՀՀ պաշտպանության նախարարության և կառավարության պարզաբանումներին, այնուամենայնիվ, շարունակում է մտահոգիչ մնալ այն հանգամանքը, որ Սիրիայում հայկական զորախումբը, որը Հալեպ մեկնեց փետրվարի 8-ին, գործելու է առանց իրավական հիմքերի։
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նույնպես մտահոգված է այս հարցով։ «Գաղտնիք չէ, թե Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշումն ինչպիսի իրավիճակում և ինչ թեթևությամբ ընդունվեց։ Այսինքն՝ հարցի հետ կապված՝ ներկայիս իշխանությունների կողմից անհրաժեշտ քննարկում չեղավ։ Հենց սկզբից հայտարարվել էր, որ Ռուսաստանի հետ միասին մարդասիրական մեծ ծրագիր պետք է իրականացվի, հայտնի է նաև, որ զուտ անձնական հաշիվներով և այդ օրվա խնդիրները լուծելու համար նման որոշում կայացվեց։ Չնայած այս ամենին, կարծես ռուսական կողմի ցանկությունը կատարվեց, բայց սա դրական անդրադարձ չունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սևակ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ նախկին իշխանությունները կարողացել էին Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հարցը շրջանցել, նրանց հաջողվում էր նման օրակարգի հետաձգումը։ Ավելին՝ նրանք չէին միջամտում մի երկրի գործերին, որտեղ Հայաստանը ո՛չ անմիջական, ո՛չ հեռակա շահեր չունի։
«Այն առասպելը, թե Սիրիայի մեջ հայկական զորախումբ ունենալն օգնում է տեղի հայկական համայնքին, տեսականորեն և գործնականորեն սխալ է։ Չեմ կարծում, որ Սիրիայում հայկական զորախումբը կարող է պաշտպանել հայկական համայնքին, և արդյո՞ք ճիշտ է այդ քայլին գնալ, երբ Սիրիան միջազգային ընտանիքի հովանավորության տակ է»,- ասաց Սևակ Հակոբյանը։
Ըստ նրա, դժվար է ասել, թե Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու վերաբերյալ ինչ կարծիք ունեն միջազգային կառույցները, և այդ հանգամանքն ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։
«Կարծում եմ՝ միջազգային կառույցների վերաբերմունքն այդքան էլ դրական չէ, հաշվի առնելով այն թափթփված իրավիճակը, որ չկա հստակ կողմնորոշում, թե Հայաստանը միջազգային ընտանիքի որ անդամն է՝ հորեղբոր որդի՞ն է, թե՞ հեռավոր ազգականը։
Հետևաբար, միջազգային ընտանիքի կարծիքը Հայաստանի, գոնե արտաքին քաղաքականության մասին, շատ կուզեի, որ դրական լիներ, բայց գործողությունները ցույց են տալիս, որ այդքան էլ վստահելի իրավիճակում չենք ներկայանում։ Հայկական զորախումբ Սիրիա ուղարկելը ռուսական կողմին տուրք տալ էր՝ առանց հետևանքները լավ քննարկելու։ Այնպիսի տպավորություն է, որ այս որոշումը կայացրել են մեկ օրում՝ մինչև արևի մայր մտնելը։ Հուսամ՝ այդ որոշման հետևանքներն աղետալի չեն լինի»,- շեշտեց «Զարթոնքի» գլխավոր խմբագիրը։
Նա նաև նկատեց, որ Սիրիայի պատերազմը դեռևս չի ավարտվել, և միամտություն են այն խոսակցությունները, որ այդ պատերազմում հաղթել են կառավարական ուժերը, կամ պարտվել է այս կամ այն կողմը։ Սիրիայի հարցում կան տարբեր խաղացողներ, որոնք երկիրը բաժանել են տարբեր հատվածների, և Աստված գիտի, թե Սիրիա մեկնած հայկական զորախումբը որ հատվածի մաս է կազմել։
«Մենք երբեք պետք է նման միտք չունենայինք, որ ահաբեկիչների շրջանում մտցնեինք Հայաստան անվանումը, քանի որ հայտնի ահաբեկչական խմբավորումներին երբեք չենք կարող բացատրել, որ Հայաստանից եկած զորախումբը զուտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար է ժամանել Սիրիա։
Բայց նրանք տեսնում են, որ զինվորական համազգեստով է մարդը, ուստի կարծում են, որ եկել է Սիրիայի իշխանություններին օգնելու։ Պետք է նկատի ունենանք նաև, որ մենք գործելու ենք ոչ քաղաքակիրթ միջավայրում, որտեղ կան տարբեր խմբավորումներ, և Աստված գիտի, թե ինչ քաղաքակրթությունից են դուրս եկել։ Չգիտեմ «մինչև արևի մայրամուտ մտնելու» քաղաքականությունը մինչև ուր կարող է մեզ հասցնել, բայց արդեն փաստ է, որ հայկական զորախումբը Սիրիայում է, և փաստ է, որ ահաբեկիչների մտքում Հայաստան անունով երկիր հայտնվեց, սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- նշեց Սևակ Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ, եթե որևէ երկիր գտնվում է ծանր իրավիճակում, ապա բոլորը ցուցաբերում են մարդասիրական աջակցություն, սակայն բանակ չեն ուղարկում, քանի որ այն դիտարկվում է այլ համատեքստում։ Այս կամ այն երկրի բանակի ներկայությունը պատերազմող երկրում ճիշտ չի ընկալվում պատերազմին մասնակցող երկրների կողմից։
«Հետևաբար՝ Սիրիա ուղարկած հայկական զորախմբի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։ Թե նախկինում ինչո՞ւ զորախումբ չի ուղարկվել Սիրիա. այս հարցը պետք է դիտարկել այն համատեքստում, թե արտաքին քաղաքականության մեջ նախկինում Հայաստանն ի՞նչ դիրքերից էր խոսում, իսկ այժմ ի՞նչ դիրքից է խոսում»,- եզրափակեց «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը բավականին կոշտ էր արձագանքել Սիրիայում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը՝ նշելով, որ չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության։
Զվարթ Խաչատրյան