«Պարգևատրումները տրվել են 800 հազարից մինչև 1 մլն 300 հազար դրամ, սակայն ինքս ինձ չեմ պարգևատրել». Արծվիկ Մինասյան
Նախորդ ամիս, երբ բուռն կերպով քննարկվում էր տարբեր նախարարություններում աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարների թեման, շատերը սկսեցին կրկին հիշել նախորդ իշխանություններին, որոնց ժամանակ նույնպես պարգևավճարներ եղել են, սակայն դրանց մասին ոչ միշտ են բարձրաձայնել։
168.am-ը ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանից, ով նախկինում զբաղեցրել է և՛ Բնապահպանության, և՛ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնները, հետաքրքրվեց, թե իր նախարար եղած ժամանակ պարգևավճարներ եղե՞լ են, և ամենաբարձր պարգևավճարը որքա՞ն է կազմել։
«2016 թվականին, երբ նշանակվեցի էկոնոմիկայի նախարար, նախարարությունն ուներ արտաբյուջետային հաշիվ, որը ձևավորվում է մտավոր սեփականության միջազգային գրանցումներից։ Սրա նպատակը համակարգի զարգացման, խրախուսման աշխատակիցների ֆոնդն է։ Առաջին անգամ կիրառեցի հետևյալ մոդելը՝ նախարարը չպետք է ինքն իրեն պարգևատրի, բոլոր աշխատողների գնահատումը պետք է լինի սկզբից մինչև վերև՝ բաժնի պետը՝ բաժնի աշխատակիցներին, և այսպես՝ մինչև նախարար»,- ասաց Ա. Մինասյանը։
Ըստ նրա, պարգևավճարներ տվել է, սակայն ինքը չի ստացել և նույն քաղաքականությունն իրականացրել է նաև Բնապահպանության նախարարությունում։
«Սա սկզբունք է և, իմ կարծիքով՝ նախարարն ինքն իրեն չպետք է պարգևատրի։ Պարգևատրումները տրվել են 800 հազարից մինչև 1 մլն 300 հազար դրամ, եռամսյակային կտրվածքով եղել են պարգևատրումներ փոխնախարարների և վարչության պետերի, ինչպես նաև առանձին աշխատակիցների, որոնք հատուկ հանձնարարություններով ապահովել են Հայաստանի միջազգային տնտեսական կապերը և ներդրումային քաղաքականության ոլորտում ցուցաբերել են ակտիվություն։ Սա եղել է իմ ժամանակ և մեր մոտեցումներով»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով նախկինում եղել է Գեղարքունիքի մարզպետ, նույնպես պարգևավճարներ տվել է, սակայն անձամբ չի ստացել։
«Պարգևավճարներ տվել եմ մեկ անգամ «Շանթ» զորավարժությունների ժամանակ, պարգևավճար ստացել են այն աշխատակիցները, որոնք ցուցաբերել են բարձր աշխատանքային ակտիվություն։ Իմ մյուս ընկերները նույնպես իրենք իրենց չեն պարգևատրել»,- նշեց Ի. Սաղաթելյանը։
Զվարթ Խաչատրյան