Եվրամիությունը պահանջել է նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում
Եվրամիությունը կոչ է անում շտապ կարգով նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
«Մենք կոչ ենք անում շտապ կարգով կազմակերպել վստահություն ներշնչող նախագահական ընտրություններ՝ անհրաժեշտ երաշխիքների ապահովմամբ, ինչպես նաեւ ակնկալում ենք, որ շտապ օգնություն կցուցաբերվի միջազգային հումանիտար սկզբունքներին համապատասխան»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել էր պետության նախագահ: ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրվելը նրանք օրինական չեն համարում, պահանջել են ուժային գործողություններ թույլ չտալ ընդդիմության դեմ:
Մադուրոն իրեն հայտարարելէ սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին նա որակել է ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ պաշտպանել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի օրինական նախագահի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: