«Հայաստանը զոռով գրավում է միջազգային ահաբեկիչների ուշադրությունը». ռազմական փորձագետ 

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ փետրվարի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր. «Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից։ Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»:

Նախարարը ընդգծել էր նաև, որ, եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա ևս կանի օրենքի տառին համապատասխան:

«Իհարկե, միևնույն ժամանակ՝ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշում կայացնելու ժամանակ»,- ասել էր Տոնոյանը:

«Սիրիա ուղարկվող թեկուզ հումանիտար օգնությունն ահաբեկչական խմբավորումների կողմից դիտարկվում է՝ որպես թշնամական գործողություն: Եթե հիշում եք՝ Գերմանիայում և Ֆրանսիայում ԻՊ-ը սկսեց ահաբեկչություն իրականացնել այն ժամանակ, երբ ներքաշվեցին Սիրիայի գործընթացի մեջ: Հիմա նույնն անում է Հայաստանի Հանրապետությունը, զոռով գրավում է միջազգային ահաբեկիչների ուշադրությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ անօրինական է անգամ Սիրիա խումբ ուղարկելը:

«Ազգային ժողովը պետք է իր համաձայնությունը տար: Բացի դրանից՝ չես հասկանում՝ խաղաղապահների՞ են ուղարկել, թե՞ ինչ: Զենք էլ չունեն: Ասում են՝ քաղաքացիական ակրավորներ: Նրանց ուղարկել են Հալեպի տարածքում ականազերծման գործողություններ կատարելու: Ամենամեծ խմբավորումները Հալեպի վրա մեծ գրոհ, ռազմական գործողություններ են պատրաստում: Հայերը մնալու են այդ հարվածի տակ: 83 հոգի այդ մսաղացում՝ որ ի՞նչ… Բացի դա, ԱՄՆ-ի կողմնակիցները Հայաստանի քայլը թշնամական են համարելու, քանի որ նրանք Ասադին չեն ընդունում: Սիրիայի կառավարությանն աշխարհում ոչ ոք չի ընդունում՝ ՌԴ-ից, Իրանից բացի: ԱՄՆ-ի, Եվրամիության համար Ասադն անօրինական բռնապետ է»,- նշեց ռազմական փորձագետը:

«Սիրիան մսաղաց է՝ բառիս բուն իմաստով, ինչպես նաև՝ ճահիճ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիրիայում տեղի ունեցող հակամարտության նման մղձավանջ երևի թե չի եղել: Այստեղ ոչ միայն Կրեմլի ու Սպիտակ տան շահերն են բախվում՝ ինչպես Աֆղանստանում ու Վիետնամում, այլև Թուրքիան, Իսրայելը նույնպես ներքաշված են այս հակամարտության մեջ: Բառիս բուն իմաստով կրոնական մեծ պատերազմ է ընթանում: Շիիդներն ու սուննիները միմյանց չեն սիրում: Շիիդներին պաշտպանում են իրանցիները, իսկ սուննիներին՝ Սաուդյան Արաբիան: Փաստորեն, Սիրիայում պատերազմում են նաև Սաուդյան Արաբիան ու Իրանը: Այստեղ մեծ դեր են խաղում նաև քրդերը, որոնց զինում է ԱՄՆ-ը, որպեսզի պայքարեն «Իսլամական պետության» ու Սիրիայի գործող նախագահ Ասադի դեմ: Իսկ Թուրքիան քրդական խմբավորումներին համարում է ահաբեկչական: Թուրքերը Էլ Բաբ քաղաքում տեղակայել են իրենց զինված ուժերը, քրդերից վերցրել հենակայանը՝ Աֆրինը: Եվ, քանի որ շիիդներին զինում է Իրանը՝ «Հըզբոլլահ» տեսքով, որի նպատակը Իսրայելը ոչնչացնելն է»,- հավելեց Վան Համբարձումյանը:

Նշենք, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը պատասխանելով լրատվամիջոցներից մեկին՝ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս