Իրանաադրբեջանական սահմանին ի՞նչ հանգամանքերում է սպանվել Ադրբեջանի քաղաքացին
Իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օրերս Իրանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալու նպատակով «Ermenihaber.am»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
– Ի՞նչ հանգամանքներում է զոհվել սահմանախախտը, իրանական կողմն ինչպե՞ս է արձագանքել միջադեպին:
– Սպանվածը եղել է Ադրբեջանի քաղաքացի: Միջադեպի առնչությանբ հակասական տեղեկատվություն է հրապարակվել: Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանախախտը փորձել է Իրանի տարածքից մուտք գործել Ադրբեջանի տարածք: Ադրբեջանցի սահմանապահների նախազգուշացումից հետո սահմանախախտը փորձել է հետ շարժվել դեպի Իրանի կողմ, և նրանց արձակած կրակից սպանվել է:
Իրանի Արդաբիլ նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար Հուշանգ Հոսեյնին, նախ հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանի քաղաքացին սպանվել է Իրանի սահմանապահների կողմից: Գեներալ Հոսեյնին պարզաբանել է, որ սահմանախախտը դեպի Իրանի սահմանի ուղղությամբ է շարժվել Ադրբեջանի կողմից, սակայն իրանցի սահմանապահների նախազգուշացումից հետո փորձել է հետ վերադառնալ: Իրանցի պաշտոնյայի պնդմամբ՝ նա սպանվել է Ադրբեջանի տարածքում, ադրբեջանցի սահմանապահների կողմից:
– Ի՞նչ իրավիճակ է տիրում Իրանի և Ադրբեջանի սահմանին: Հաճախակի՞ են նման միջադեպեր տեղի ունենում:
– Վերջին տարիներին Իրանը սահմանային անցակետներն արդիականացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ է կատարել: Հատկապես Ադրբեջանի հետ սահմանը մշտապես գտնվում է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարի ուշադրության ներքո և վերջինս տեղում իրավիճակին ծանոթանալու համար անձամբ է շրջայցեր կատարում:
Իրանի մտահոգությունները հիմնականում առնչվում են վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների՝ Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում գործողությունների մասնակցությանը. Ըստ Ադրբեջանի ԱԱԾ պետի հաղորդած տվյալների՝ նրանց թիվը կազմում է 1000:
Բացի այդ՝ Իրանին նաև մտահոգում է Ադրբեջան-Իսրայել և Ադրբեջան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերությունների արդյունքում Իրանի սահմանին հնարավոր անկայուն իրավիճակի առաջացումը:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ եթե ուսումնասիրում ենք վերջին մեկ տասնամյակի ընթացքում Իրանի և Ադրբեջանի սահմանին արձանագրված զինված միջադեպերը, ապա դրանք հիմնականում համընկել են այն ժամանակշրջանի հետ, երբ երկու երկրների հարաբերություններում փոխադարձ անվստահության մթնոլորտ է ձևավորվել: 2010-2013թթ., երբ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված էին, մեկ տասնյակից ավել զինված միջադեպ է տեղի ունեցել, ընդ որում, ոչ միայն սահմանախախտների մասնակցությամբ, այլև երկու երկրների սահմանապահների միջև փոխհրաձգությամբ:
2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի շրջակայքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը: