
Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ին անդամակցել 2020 թվականի գարնանը

Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեեւ դաշինքը ջանում է առավելագույնս արագացնել այդ գործընթացը: Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է դաշինքի պաշտոնյաներից մեկն՝ անունը չհայտնելու պայմանով։
«Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից Մակեդոնիայի անդամակցման արձանագրության վավերացման գործընթացը կտեւի 12 ամիս, այսինքն՝ երկիրը կկարողանա դաշինքի անդամ դառնել մինչեւ հաջորդ գարունը,- հայտարարել է նա:- Երկու երկրների՝ Հունաստանի եւ Սլովենիայի խորհրդարաններն արդեն վավերացրել են անդամակցման արձանագրությունը»:
Փետրվարի 6-ին ՆԱՏՕ-ի 29 պետությունների եւ Մակեդոնիայի դեսպանները Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ստորագրել են կազմակերպությանն այդ երկրի անդամակցման արձանագրությունը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի եւ բալկանյան հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ:
Արձանագրությունը վավերացման համար նախ հանձնվում է դաշինքի պետություններին, եւ միայն այդ գործընթացի ավարտից հետո այն կկարողանա վավերացնել Մակեդոնիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: