Հայ արիները Տրնդեզի տոնը նշել են Լոռի բերդի տարածքում
Հայ արիները Տրնդեզի տոնը նշել են Լոռի բերդի տարածքում՝ Ձորագետ եւ Ուռուտ կիրճերի հատման մասում։
Մինչեւ տոնական արարողությունը Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչներին միացել են նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհրդի անդամները եւ միասնաբար դիմավորել են արեւածագը բերդ-ամրոցի մոտ: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ են մատուցել՝ նուշով հալվա, ծիրանաչրով ու սալորաչրով աղանձ եւ կաթնահունց գաթա:
Այնուհետեւ, հայ արի քրմերը փակ գաղտնածես են կատարել Տիեզերքի Արարչին եւ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվել է տոնական բաց ծեսը, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը վառել է Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան Կրակը, ինչն էլ ազդարարել է Տրնդեզի տոնական միջոցառումների մեկնարկը:
Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ Հայ Երկնային ու Երկրային տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը Մեկարարչական բազմաստվածային համակարգին:
Հայ Աստվածների պատվին եւս կրակներ են վառվել եւ փառաբանվել են ինչպես Աստվածները, այնպես էլ Հայոց Տիեզերաաշխարհների հայ նվիրյալ հոգիները…
Այնուհետեւ եղել է երկու արարողություն՝ հայ արիների նոր անդամների օծման եւ բանակային ծառայության մեկնելու պատրաստ արորդիների երդման՝ ազգին ու հայրենիքին անմնացորդ ծառայելու համար: Ապա ծիսական կրակի վրայից թռչելու հնարավորություն է տրվել ծեսին մասնակից հղի կանանց՝ Արարչից եւ Աստվածներից խնդրելով բարի ազատում, ինչպես նաեւ առողջ ու երկար կյանք լույս աշխարհ գալու ճանապարհին սպասող երեխաներին…
Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն կլինի: Օրակարգում ներկազմակերպական հարցեր են, որից հետո ՀԱՄ Գերագույն Խորհուրդը ՀԱՀ Խորհրդի հետ կքննարկեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ Արցախի խնդրին առնչվող հարցեր: ՀԱՄ առաջնորդը կներկայացնի տեսակետներ Հայաստանի արտաքին քաղաքականության առկա վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ: