«Դավիթ Տոնոյանը հատել է թույլատրելիի բոլոր սահմանները». «Սասնա ծռեր»
«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան:
Նախարարի՝ առանց շարժառիթների կատարած այս հայտարարությունը ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հատում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար անվտանգության բոլոր սահմանները: Հումանիտար անվանված ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված զորախումբը, փաստորեն, նախարարի պնդմամբ ցանկացած պահի կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը և կենսական շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են:
Կոչ ենք անում ՀՀ և արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսևորել միասնական կեցվածք և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն