Մադուրոն մեծ սխալ է համարել Գուայդոյին աջակցելու Եվրամիության որոշումը
Եվրոպական միությունը մեծ սխալ է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ է հռչակել: Այս կարծիքը Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է փետրվարի 13-ին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ (ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ) Ֆեդերիկա Մոգերինին եւ ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մեծ սխալ գործեցին: Նրանք միայն մի կողմին լսեցին, նրանք չլսեցին ամբողջ երկրին, որը ցանկանում է երկխոսություն, ըմբռնում եւ հարգանք: Նրանք չանսացին մեզ, նրանց, ում ձայնն իսկական ուժ ունի: Եվրոպան կուրորեն միացավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սխալ քաղաքականությանը»,-հայտարարել է Մադուրոն:
Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը նրան պետության ժամանակավոր ղեկավար է ճանաչել ԱՄՆ-ը, նրան միացել են Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, մի շարք այլ երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը որակել է հեղաշրջման փորձ եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: