«Մենք նման պլաններ չունենք». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին
Սիրայում ՀՀ-ն իրականացնում է հումանիտար առաքելություն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մեջբերմանը պաշտպանության նախարարի խոսքից, որ «եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողությունների, Հայաստանն անպայման դա կանի», և հարցադրմանը, թե եթե ներգրավվենք ռազմական գործողութուններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել:
«Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, պետք է պարզել, թե ի՞նչ հարց է հնչել և ի՞նչ հարցի համատեքստում է նա այդպիսի հայտարարություններ արել: Մենք նման պլաններ չունենք»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները»,- ասված է պատասխանում:
«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», – ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):