Հյուսիսկորեացիների շուրջ 40 տոկոսը տառապում է պարենի պակասից. ՄԱԿ
ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր տասը քաղաքացուց չորսը ճգնաժամային իրավիճակում են պարենային անվտանգության հարցում: Փետրվարի 13-ին այս մասին հայտնել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղանտեսության կազմակերպության (ՖԱՕ) զեկույցը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զեկույցում նշված է, որ մոտավորապես 19 միլիոն հյուսիսկորեացիներ կախված են պարենի բաշխման պետական համակարգից, իսկ կես տարեկանից մինչեւ երկու տարեկան երեխաների մեկ երրորդն անհրաժեշտ քանակի կալորիաներ չի ստանում: Այդ երեխաների 25 տոկոսը տառապում է խրոնիկական թերասնումից: Զեկույցում նաեւ նշված է, որ ԿԺԴՀ-ում հումանիտար իրադրությունը վատթարացել է երաշտների, հեղեղումների եւ այլ տարերային աղետների պատճառով, որոնք տեղ են ունեցել վերջին վեց տարվա ընթացքում:
Այս առնչությամբ ՖԱՕ-ն դոնոր երկրներին կոչ է անում 10 միլիոն դոլար հատկացնել՝ 513 հազար հյուսիսկորեացիների մարդասիրական օգնություն տրամադրելու համար, որոնք հայտնվել են առավել բարդ պարենային վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: