«Գրեթե բոլոր իտալացիները խելքները կորցրել են. ո՞ւր են տարել նրանք իրենց գլուխները». Բեռլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հայրենակիցներին «պակասամիտների ժողովուրդ» է անվանել այն պատճառով, որ նրանք դադարել են քվեարկել իր օգտին:
«Քանի՞ մարդ է քվեարկում Բեռլուսկոնիի օգտին: 100-ից հինգը կամ վեցը: Ես ամաչում եմ դրա համար: Գրեթե բոլոր իտալացիները խելքները կորցրել են: Ու՞ր են տարել նրանք իրենց գլուխները»,- հայտարարել է 82-ամյա քաղաքական գործիչը՝ փետրվարի 12-ին ելույթ ունենալով իրեն պատկանող Canale 5 համազգային հեռուստաալիքի հանրածանոթ ծրագրում:
«Բեռլուսկոնին շատ բան է արել: Նա իջեցրել է հարկերը, Իտալիայի համար դեր է ապահովել աշխարհում, ստեղծել է աշխատատեղեր: Իսկ մյուս կողմից՝ (փոխվարչապետ, «5 աստղ շարժման» առաջնորդ) Դի Մայոն: Ի՞նչ է արել նա: Որտե՞ղ է սովորել: Եվ մենք նրա՞ ձեռքն ենք տալիս Իտալիան: Դուք բոլորդ խելագարվել եք: Մենք պակասամիտների ժողովուրդ ենք»,- ամփոփել է իտալական քաղաքականության նահապետը, որն այժմ ընդդիմության մեջ է:
Իր 20-րոպեանոց մենախոսության ընթացքում Բեռլուսկոնին խորը մտահոգություն է հայտնել ոչ միայն Իտալիայի, այլեւ Եվրոպայի եւ աշխարհի ներկայիս իրադրության առթիվ: Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ կմասնակցի Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին, եւ նույնիսկ հայտնել է, որ շուտով բնակարան կվարձի կամ կգնի Բրյուսելում, որովհետեւ մտադիր է ապագայում շատ ժամանակ տրամադրել եվրոպական խնդիրներին: Նրա կարծիքով՝ ներկայիս Եվրամիությունը լուրջ փոփոխություններ է պահանջում, քանի որ այն բանի հակադրությունն է, ինչին ձգտում էին միասնական Եվրոպայի հիմնադիր-հայրերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: