Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն համաձայնել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգմանը. The Korea Times

ԿԺԴՀ-ն սկզբունքային համաձայնություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներ անցկացնելուն: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է The Korea Times թերթը:

«ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների միջեւ վերջերս Փհենյանում կայացած բանակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին համապատասխան ժամանակ մուտք կտրամադրվի ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային զինափորձարաններ՝ վերահսկելու միջուկազերծման գործընթացը»,- հրատարակությունը մեջբերել է Հարավային Կորեայի կառավարության աղբյուրի խոսքը:

Վերջինիս ասելով՝ տեսչական ստուգումների անցկացման ժամկետներն ու վայրերը նախապես կհամաձայնեցվեն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի աշխատանքային մակարդակով հետագա բանակցություններում: Փհենյանը նաեւ խոստացել է երաշխավորել տեսուչների անվտանգությունը եւ ստուգումների գործընթացին չմիջամտելը:

Կորեայի Հանրապետության վարչակազմում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 9-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաքում: 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս