«Կարևորն այն է, թե բանակցային գործընթացում ինչ են դրել քննարկման». Արամ Սարգսյան

«Ուշադիր լսում էի վարչապետ Փաշինյանի ելույթը, որ նա չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդի տեսակետը, չնայած Արցախ չի ասում, Ղարաբաղ է ասում, քանի որ այդ ժողովրդի կողմից չունի մանդատ, սակայն շարունակում է մնալ արցախահայության անվտանգության երաշխավորը։ Այստեղ սա չէ կարևոր, այլ այն, թե ի վերջո բանակցային գործընթացում ի՞նչ են դրել քննարկման»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դեմոկրատական կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումներին և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հետևած հայտարարությանը՝ երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Արցախը բանակցային գործընթացին մասնակցում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան և Բաքու այցելելիս՝ գնում են նաև Ստեփանակերտ ու խոսում Արցախի իշխանությունների հետ։

«Ինչի՞ մասին են իրենք ընդհանրապես բանակցում, ի՞նչ է դրված սեղանին: Լավ, ասենք՝ Արցախի ներկայացուցիչը մասնակցեց բանակցություններին, ի՞նչ հարց պետք է քննարկի, արդյո՞ք Արցախի կարգավիճակի վերաբերյալ խնդիրը գլխավորն է, և այլն։ Եթե խոսում են փոխզիջումներից, ապա գլխավոր ու կարևոր հարցն այն է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Բայց Ալիևը՝ տեսնելով, թե հայ հասարակությունն ինչ վերաբերմունք ունի Արցախի հարցի լուծման վերաբերյալ, սկսեց հոխորտալ, թե Զանգեզուրն էլ, Երևանն էլ իրենց է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա, ժամանակն է, որպեսզի խոսեն ոչ թե մասնավոր հարցերի, այլ հայեցակարգ ձևավորելու մասին, հատկապես այն դեպքում, երբ նոր իշխանությունները չեն տիրապետում բանակցային գործընթացի մանրուքներին։

«Մենք փորձում ենք նրանց հուշել ու օգնել, սակայն մեր ցանկությունները մնում են անարձագանք։ Արդեն երկար ժամանակ է՝ վարչապետին Արցախի կազմկոմիտեի անունից նամակ ենք ուղարկել, որտեղ ասում ենք, որ այսօր իրավական փաթեթին տիրապետելը կարևոր հարց  է, և ցանկություն կա հանդիպել ու ներկայացնել Արցախի հարցի հետ կապված որոշակի նրբերանգներ։ Բայց մեր նամակը գնում է այս վարչությունից այն վարչություն, և որևէ պատասխան չկա»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս