Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:

Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի գրասենյակի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմն այսօր արդեն ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, և այն բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Վերաքննիչ դատարանի՝ 07.02.2019թ․ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս