«Սասունը մարտական ընկերս է, բայց նա չի կարող դառնալ ԵԿՄ նախագահ». ԵԿՄ անդամ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունն  առաջադրվել է Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում, նման որոշում կայացվել է ԵԿՄ-ի վարչության ժողովում։
Սակայն Սասուն Միքայելյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել ԵԿՄ անդամների կողմից: Նրանք պատճառաբանում են, որ Ս. Միքայելյանը կուսակցական է, և պետք չէ ԵԿՄ-ն կուսակցականացնել։

168.am-ի հետ զրույցում ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախկին նախագահ, ԵԿՄ անդամ Գագիկ Դավթյանը նշեց, որ Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերն է, միասին ճանապարհ են անցել, բայց նա այժմ զբաղվում է կուսակցական գործունեությամբ, ուստի չի կարող դառնալ ԵԿՄ նախագահ։

«Եթե նա լինի ԵԿՄ նախագահ, ստացվում է նշանակովի։ Ըստ ԵԿՄ կանոնադրության, կառույցի ժողովները պետք է լինեն բոլոր բաժանմունքներում, օրինակ՝ Էրեբունիում, Արաբկիրում, Դավիթաշենում, և այլն, ու ոչ թե պարտադրվի անձնավորություն, որ ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից, ու ասեն՝ այս մարդուն պետք է ընտրեք, այլ պետք է լինի ազատ ընտրություն»,- ասաց Գ. Դավթյանը։

Ըստ նրա, պետք է լուծարվի նաև ԵԿՄ-ի այսօրվա վարչությունը, որը բարոյազրկված է, քանի որ բոլորը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի «կամակատարներն են»։

«Երբ ԵԿՄ-ն ազատվեց նախկին ռեժիմից, որոշում եղավ, որ այսօրվա վարչությունը պետք է լուծարվի, ստեղծվի կազմկոմիտե, այս ամբողջ աշխատանքներն իրականացնելու պատասխանատվությունն իր վրա վերցրեց Արա Խուդավերդյանը, որի կողքին կանգնեցին բազմաթիվ տղաներ։ Որոշեցինք ակտիվ կազմել և գնալ կառույցի տարբեր բաժանմունքներ, որպեսզի թեկնածուներն ազատ առաջադրվեն, լինեն ազատ ընտրություններ։ Բայց այսօր նման գործընթաց չի եղել, պարտադրում են, բերեցին Արամ Սարգսյանին, հետո նրան տարան ու բերեցին Սասուն Միքայելյանին։ Ինչո՞ւ Սասուն Միքայելյան, նա լավ հայ է ու իր տեղում է, որքան եղել է քաղաքական գործունեության մեջ, դրա գնահատականը թող ուրիշները տան, բայց նա չի կարող լինել ԵԿՄ նախագահ»,- նշեց Գագիկ Դավթյանը։

Հարցին՝ Արա Խուդավերդյանն ի՞նչ մտավախություններ ունի, քանի որ հայտարարել էր, որ, եթե Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ, ապա կառույցում ոչինչ չի փոխվի և Մանվել Գրիգորյանի ժամանակ եղած ավանդույթները կշարունակվեն, Գագիկ Դավթյանը պատասխանեց, որ ժամանակին Մ. Գրիգորյանը պաշտպանում էր ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը, այսօր էլ Սասուն Միքայելյանը կարող է ԵԿՄ-ն օգտագործել ի նպաստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերի։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ Արա Խուդավերդյանի թեկնածությունը չի առաջադրվել,  Գ. Դավթյանը պատասխանեց, որ ԵԿՄ վարչությունում շարունակում է մնալ հին հոգեբանությունը, և այնտեղ դեռևս չեն ազատվել ճնշումներից։

«Այս պարագայում մենք չեն կարող առաջադրել Խուդավերդյանի թեկնածությունը, ռեժիմը, վարչությունը խանգարում է։ Վարչության անդամները կախման մեջ են, նրանց մեջ մարդիկ կան, որ հիվանդ են ու պետպատվերի շրջանակներում պետք է բուժվեն, և այլն։ Դրա համար եմ ասում, որ պարտադրված թեկնածուին ընտրելը պետք է վերանա։ Սասուն Միքայելյանի ընտրությանը չեմ մասնակցելու, ես այդ քաղաքականությունը չեմ տանի։ Մենք այլևս կուսակցական խաղերի մեջ չենք մտնի, չի կարելի որևէ կուսակցության քաղաքականությունը տանել՝ երեկ ՀՀԿ-ն էր, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է գալիս»,- ընդգծեց Գագիկ Դավթյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս