
Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա, քանի որ ԱՄՆ-ը այդ կերպ փորձելու է արդարացնել իր զինված ներխուժումը: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 12-ին հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում:
«Նրանք պատերազմ են սանձազերծում, որպեսզի գրավեն Վենեսուելան»,-ասել է Մադուրոն՝ ընդգծելով, որ Վենեսուելան «ի վիճակի է բավարարել իր բնակչության բոլոր պահանջմունքները» եւ չպետք է «ոչ մեկից ողորմություն խնդրի»: Միեւնույն ժամանակ Մադուրոն Վենեսուելայի տնտեսական խնդիրների պատճառը համարել է ամերիկյան պատժամիջոցները եւ նշել, որ այդ կերպ ԱՄՆ-ը մտադիր է «ստեղծել հումանիտար ճգնաժամ, որպեսզի արդարացնի զինված միջամտությունը»:
Վենեսուելայի ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի վարչակազմին՝ նրան մեղադրելով ծայրահեղ աջ հայացքների հետեւելու մեջ: «Դա Միացյալ Նահանգների կայսրության, այսօր իշխող ծայրահեղ աջ շահերի, կու-կլուքս-կլանի քաղաքական պատերազմն է, որը ղեկավարվում է Սպիտակ տան կողմից, որպեսզի գրավեն Վենեսուելան»,-հավելել է նա:
Մարդասիրական օգնությունը Վենեսուելայի հետ սահմանի Կուկուտա քաղաքում սկսել է հավաքվել տակավին անցած շաբաթ: Սակայն վենեսուելական բանակն արգելափակել եւ հսկողության տակ է վերցրել այն կամուրջը, որով բեռները կարող էին հասցվել հանրապետություն: Ինչպես Կարակասից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, երկիր մարդասիրական բեռների մուտքը թույլ տալու կոչը կդառնա փետրվարի 12-ի հանրահավաքի գլխավոր կարգախոսը, որը նվիրված է Վենեսուելայի երիտասարդության օրվան: