Բաժիններ՝

«ՀՀ կառավարությունը որդեգրում է վարկային տոկոսադրույքները նվազեցնելու քաղաքականություն». Նիկոլ Փաշինյան

Հարկային օրենսգրքում արված որոշակի փոփոխությունների արդյունքում, որը հնարավորություն է տալիս ժամկետանց վարկերը վերակառուցել, արդեն 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և նրանց մեծ մասը գյուղացիական վարկեր վերցնողներ են։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարությունը որդեգրում է վարկային տոկոսադրույքները նվազեցնելու քաղաքականություն, և գիտեք, որ կառավարությունն ունի ծրագիր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի, և մենք աշխատում ենք այդ վարկերի ծավալը մեծացնելու ուղղությամբ»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա հարցադրում արեց, թե արդյոք կառավարությունը պետք է օգնի գյուղացուն ծիրան արտադրե՞լ, թե՞ օգնի արտահանել ծիրանը, որի արդյունքում պահանջարկը կմեծանա, գինը կբարձրանա, գյուղացու եկամուտները կավելանան, ծիրան արտադրելը կդառնա շահութաբեր, և առանց կառավարության աջակցության՝ գյուղացին կարտադրի, թեև կառավարությունը կաջակցի վարկային տոկոսադրույքների նվազեցման հարցում։

Ն.Փաշինյանի խոսքով՝ լուրջ տնտեսություն ունենալու համար պետք է արտահանելու մեխանիզմներ ստեղծել։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը համաձայնություն ունի ԿԲ-ի հետ, որ 10 մլրդ դրամի վարկային միջոցներ նպատակային ներարկվեն միկրոբիզնեսի ոլորտ, այդ թվում՝ գյուղատնտեսություն. «Եթե մենք ունենանք մսի արտահանման մեխանիզմ, մենք շատ արագ կվերացնենք աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս