Բաժիններ՝

Հռոմի պապը պահանջել է վերջ դնել երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործելուն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստիվ դատապարտել է երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործումը եւ պահանջել է վերջ դնել «այդ քստմնելի հանցագործությանը»։

«Հազարավոր երեխաներից, որոնք հարկադրված են կռվել զինված հակամարտություններում, խլում են նրանց մանկությունը: Կանգնեցնենք այդ զազրելի հանցագործությունը»,-փետրվարի 12-ին գրել է քահանայապետը Twitter-ում:

Երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործման դեմ պայքարի միջազգային օրը ամեն տարի նշվում է փետրվարի 12-ին: Այդ ամսաթիվը կապված է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային կից լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելու հետ, որը պետություններից պահանջում է խուսափել երեխաներին ու դեռահասներին զինված ուժերում կամ խմբերում ներգրավելուց, ինչպես նաեւ օգնություն ու աջակցություն ցուցաբերել այդ երեխաներից նրանց, ովքեր տուժել են նման գործունեության հետեւանքով:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) տվյալներով՝ ներկայում ամբողջ աշխարհում մոտավորապես 250 հազար երեխաներ են ներքաշված զինված հակամարտություններում: Երեխաներին՝ որպես զինվորների, հատկապես ակտիվորեն են օգտագործում մոլորակի այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Սոմալին, Սիրիան եւ Եմենը, նշում է հիմնադրամը:

Աֆղանստանում, Մալիում եւ Մյանմայում տղաներն ու աղջիկները զինված խմբավորումներում գործի են դրված որպես զինվորներ կամ օգնականներ: ՅՈւՆԻՍԵՖ-ի գնահատումների համաձայն, բոլոր զինվոր-երեխաների մոտավորապես 40 տոկոսը աղջիկներն են: Մի քանի երկրներում նրանց ակտիվորեն օգտագործում են որպես մահապատ ահաբեկիչների: Այսպես, Կամերունում, Չադում, Նիգերում եւ Նիգերիայում երեխաների մասնակցությամբ ահաբեկչական բոլոր գործողությունների երեք քառորդը կատարվում է հենց աղջիկների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս