Դատական համակարգը թողնել «իր յուղով տապակվի». Փաշինյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում հարց բարձրացրեց այն մասին, թե արդյոք դատավորները պատասխանատվություն պետք է ունենան, երբ իրենց վճիռներով պայմանավորված ՄԻԵԴ-ի որոշմամբ Հայաստանը ֆինանսական պարտավորությունների մեջ է ընկնում: Պատասխանելով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդրի լուծման բոլոր գաղափարները ենթակա են քննարկման:
«Այո, դա խնդիր է, երբ Եվրադատարանի որոշմամբ Հայաստանի որևէ դատավորի կայացրած վճռի հիման վրա կառավարության վրա պարտավորություն է առաջանում: Նշվում է, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ դատավորը վճարի իր եկամուտներից: Ցանկացած գաղափար ենթակա է քննարկման, սակայն մենք պետք է քննարկելիս լինենք հավասարակշռված, որ կառավարման համակարգում ճեղքեր չառաջանան: Ասենք մի օր չպարզվի, որ վատ դատական համակարգի փոխարեն ընդհանրապես ոչ մի դատական համակարգ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի ԱԺ-ն և ժողովուրդն ունեն հնարավորություն, տեսականորեն, այդ դատական համակարգը ցրելու, նորից հավաքելու:
«Բայց մենք ասում ենք հետևյալը: Մենք ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել և դատական համակարգին թողնել «ինքն իր յուղով տապակվի», տեսնենք դրա արդյունքում ինչ ուտեստ կստացվի: Եթե կտեսնենք, որ այդ ստացված համակարգը սպասարկում է Հայաստանի Սահմանադրությանը, ժողովրդին, ապա կանենք մեր հետևությունը: Եթե պարզվի, որ այդպես չէ, ապա մենք միասին այս դահլիճում ունենք բոլոր լծակները այդ հարցը լուծելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: