Եթե պետք լինի` ՀՀ-ն մասնակցի Սիրիայում ռազմական գործողությունների, կանի դա օրենքով. Տոնոյան

Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսում եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«ՀՀ հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան, կարող եմ ևս մեկ բան նշել՝ ի հավելումն, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցել, Հայաստանը դա անպայման կանի ևս օրենքի տառին համապատասխան։ Իհարկե միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»,–մասնավորապես հայտարարել է Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել էր, որ Սիրիա առաքելություն ուղարկելու խնդրանքը եղել է բանավոր մակարդակով։

Փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայաստանցի մասնագետների խումբը (83 հոգի) գնացել էր Սիրիա՝ (ք.Հալեպ):

Նշենք, որ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշումը արժանացել է նաև քննադատությունների։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այն որակել էր որպես «Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի և խնդրահարույց պարտավորություն»։ Իսկ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արմեն Աշոտյանը այսօր հայտարարել է, որ հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել առանց միջազգային համապատասխան պայմանագրի՝ օրենքի խախտմամբ։

«Ռազմինֆո»

 

Տեսանյութեր

Լրահոս