Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և պատմական ավանդույթներն ամուր հիմք են հանդիսանում հայ-իրանական հարաբերություններին առավել մեծ թափ հաղորդելու համար՝ որակական նոր մակարդակի վրա բարձրացնելով երկկողմ փոխգործակցությունը:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում Իրան նախատեսվող իմ այցի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: