Բաժիններ՝

«ՀՀ կառավարության ծրագիրը մեծ հաշվով շատ չի տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից»

ՀՀ կառավարության ծրագիրը մեծ հաշվով ձևակերպումների առումով շատ չի տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ծրագիրն անվանելով իրատեսական և նույնիսկ մի քիչ զգուշավոր:

Սակայն, ըստ նրա, կարևոր է ոչ թե այն, ինչ գրված է ծրագրում, այլ այն, ինչ իրականացվում է, որովհետև նախկինում շատ խոստումներով ծրագրեր են եղել, բայց մնացել են թղթի վրա:

«Համաձայն եմ՝ թվերը քիչ են: Այդպիսի հստակ պահանջ էլ չկա, թե քանի թիվ պետք է լինի: Ես կնախընտրեի, որ այդտեղ թվային թիրախները մի քիչ ավելի շատ լինեին, բայց եղածները ամենաառանցքայինն են»,- ասաց Բ.Թունյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր ցուցանիշ է առնվազն 5% տարեկան տնտեսական աճը, ներդրումների, արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ մեջ, նաև նախընտրական ծրագրից կան թվեր՝ աղքատության՝ 10%, և գործազրկության՝ 5%.

«Այս ամբողջ համախումբը բավարար է, որպեսզի 5 տարի հետո հասարակությունը հասկանա, թե մեր առջև դրված խնդիրները կատարել ենք, թե չենք կատարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս