Բաժիններ՝

Ընկերուհուն նկատելով գազալցակայանի աշխատակցի հետ զրուցելիս, մոտեցել է նրանց, մի քանի անգամ հարվածել է տղամարդու դեմքին…

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին:

Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի հուլիսի 11-ի առավոտյան Երևանի 30-ամյա բնակիչը, ընկերուհուն նկատելով Արմավիրի մարզի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանի աշխատակցի հետ զրուցելիս, մոտեցել է նրանց և միջամտել խոսակցությանը: Օգտագործելով չնչին առիթը՝ 30-ամյա տղամարդը վիճաբանության մեջ է մտել գազալցակայանի աշխատակցի հետ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը ճանապարհել է ընկերուհուն և վերադարձել գազալցակայան, որտեղ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք ցույց տալով հասարակության նկատմամբ՝ փորձել է ինքնահաստատվել՝ մի քանի անգամ հարվածելով գազալցակայանի աշխատակցի դեմքին ու հեռացել:

Սակայն սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով նա կրկին վերադարձել է գազալցակայան, բռունցքով հարվածել աշխատակցի դեմքին, որից հետո իր մոտ գտնվող՝ սառը զենք հանդիսացող դանակով, դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացոթյամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս