Պեկինում մեկնարկել է Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրական բանակցությունների նոր փուլը
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Գերիշը փետրվարի 11-ին Չինաստանի հետ բանակցությունների հերթական փուլն է սկսել առեւտրական տարաձայնությունների կարգավորման շուրջ: Այդ մասին Չինաստանի մայրաքաղաքից հայտնել են զանգվածային լրատվամիջոցները:
Այն մասին, որ բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Գերիշը, հայտնել է Սպիտակ տունը: Բանակցությունների առաջին մասը տեղի կունենա փորձագիտական մակարդակով, փետրվարի 14-ին բանակցային գործընթացին, ինչպես սպասվում է, ամերիկյան կողմից կմիանան առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Չինական կողմից բանակցությունների վճռորոշ փուլին կմասնակցեն ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ Չինաստանի ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկի) նախագահ Ի Գանը:
Հունվարի 30-31-ին բանակցությունների վաշինգտոնյան փուլն ավարտվել է առանց համաձայնագրի ձեռքբերման: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ երկուստեք ձեռնտու համաձայնագրի ձեռքբերման համար որպես վերջնաժամկետ է սահմանել մարտի 1-ը:
Հակառակ դեպքում ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների սակագները 10 տոկոսից կբարձրացնի մինչեւ 25 տոկոս: Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում Լյու Հեյի հետ հունվարյան հանդիպման արդյունքներով՝ Թրամփը հայտարարել է, որ գործարքը պետք է կնքվի իր եւ անձամբ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ:
Այդ հանդիպումը, ինչպես փետրվարի 11-ին հայտնել է Axios-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, կարող է կայանալ արդեն մարտի կեսերին Պալմ-Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Թրամփի Մար-ա-Լագո ակումբում: Նաեւ նշվում է, որ հանդիպման անցկացման վերջնական վայրն առայժմ որոշված չէ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: