
BAFTA մրցանակ. «Ֆավորիտուհին» նվաճել է Բրիտանական ակադեմիայի յոթ պարգև

Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական ֆիլմն ստացել է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների Բրիտանական ակադեմիայի առավել մեծ թվով պարգեւները: Կինոնկարին բաժին է հասել յոթ պարգեւ, տեղեկացնում է BBC-ին:
Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի «Ռոմա» դրաման է, որը նվաճել է չորս պարգեւ:
«Ֆավորիտուհին» ֆիլմը պարգեւներ է ստացել, մասնավորապես, լավագույն ֆիլմի, օրիգինալ սցենարի, կոստյումի դիզայնի, սանրվածքի եւ դիմահարդարման համար: Ընդամենը կինոնկարը հայտարարված էր 12 անվանակարգում: Անգլիացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը BAFTA-ի մրցանակ է ստացել «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում՝ Բրիտանիայի թագուհի Աննային մարմնավորելով «Ֆավորիտուհին» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Վայսը, որը «Ֆավորիտուհին» կինոնկարում կատարել է Սառա Չերչիլի՝ թագուհու մտերիմ ընկերուհու դերը:
Տղամարդու լավագույն դերի համար պարգեւը բաժին է հասել Ռամի Մալեքին, որը Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի դերն է կատարել «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ժապավենում:
Ավելի վաղ Մալեքն այդ դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուսի», ինչպես նաեւ անվանակարգվել է «Օսկարի»: Հաղթողների պարգեւատրման ամենամյա արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Լոնդոնի Ալբերտ-հոլլում: