«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման ժամանակ վիրավորված ուսանողը մահացել է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ բժշկական կենտրոնում մահացել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման ժամանակ վիրավորած 21-ամյա Ջիվան Հարությունյանը։ Վերջինս՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի ազգականներից է։
Հիշեցնենք, որ զինված հարձակումը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի լույս 29-ի գիշերը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու կողմնակիցների զինված գնացել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ՝ պարզաբանում պահանջելու ավելի վաղ «Մուլտիտրանսսերվիս» ընկերությանը պատկանող ավտոտեխսպասարկման կենտրոնում տեղի ունեցած միջադեպի համար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Մելիք Մանուկյանի եղբոր որդին իր ընկերոջ հետ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կենտրոնում խնդրել են լիցքավորել ավտոմեքենայի անիվը, որտեղ տարբեր պատճառաբանություններով՝ աշխատակցի տեղում չլինելու, ապա նաեւ աշխատանքային ժամն ավարտված լինելու պատճառով հրաժարվել են սպասարկել։
Նշենք, որ նշված ավտոխսպասարկումն աշխատացնում են «Բարեց Վահրամ» անունով հայտնի Վահրամ Գրիգորյանն իր երկու եղբայրների հետ, ովքեր հայտնի են Գագիկ Ծառուկյանի միջավայրի հետ իրենց կապերով։ Առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի։ Մելիք Մանուկյանի զարմիկը հեռացել է՝ ուղեւորվելով ռեստորան, որտեղ հավաքված են եղել իրենց այլ հարազատներ եւ ընկերներ։ Բայց հարցը դրանով չի ավարտվել։
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ քիչ անց տեխսպասարկման կենտրոնի աշխատակիցների համախոհներից մեկը զանգել է եւ առաջարկել հանդիպել Աբովյանի մարզադպրոցի մոտ, որտեղ չկան տեսանկարահանող սարքեր, ինչը Մելիք Մանուկյանի ազգականները մերժել են։
Ապա, տեղեկանալով, որ վերջիններս գտնվում են ռեստորանում մի խումբ անձինք՝ նրանց թվում «Թաթ» մականունով հայտնի Արթուր Վարդանյանը, ով Ծառուկյանի մոտ աշխատել է որպես անվտանգության աշխատակից, զինված, տարբեր մեքենաներով ուղեւորվել են այնտեղ։ Վիճաբանությունը վերածվել է զինված բախման, հնչել են կրակոցներ։
Արդյունքում՝ վիրավորվել է 8 անձ, որոնցից մեկը՝ Մելիք Մանուկյանի զարմիկի ընկերը, ստացած վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է, ազգականը՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանը, գլխի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Այս օրերին բժիշկները փորձում էին պայքարել երիտասարդի կյանքը, բայց չհաջողվեց։
Վիրավորների թվում են նաեւ Մանուկյանի զարմիկները, իսկ 2-ը՝ Ծառուկյանի կողմնակիցներից են։ Վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։