Ինչպես է Արևմուտքն ընդունելու Հայաստանի առաքելությունը Սիրիայում

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում մեկնարկած հայաստանյան հումանիտար առաքելության շուրջ առկա քաղաքական դիսկուրսին՝ ասաց, որ հարցն ունի մի քանի ասպեկտ՝ հայ-ռուսական հարաբերություններ, Հայաստան-Արևմուտք հարաբերություններ, Սիրիայում հայ համայնքի առկայություն և անվտանգության խնդիրներ։

Ըստ նրա՝ շատ է խոսվել, որ այս որոշումը կայացվել է հայ-ռուսական հարաբերություններում նշմարվող խնդիրները հարթելու նպատակով։

«Ամենայն հավանականությամբ՝ ՀՀ իշխանությունների հենց այդ ցանկությունն է եղել այս ամենի հիմքում, քանի որ, եթե խոսենք ռուսական ճնշման մասին, ապա դա կարող էր ավելի վաղ ևս տեղի ունենալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին իշխանությունների դեպքում հայ-ռուսական հարաբերությունները բավականին սերտ էին։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ, եթե նույնիսկ ռուսական կողմը ցանկություն է ունեցել Սիրիայում ներգրավել իր դաշնակիցներին, ապա հայկական կողմը նախկինում կարողացել է հրաժարվել, ներկայումս ևս կարող էր։

Ուստի ես հակված եմ մտածել, որ սա հայկական կողմի ցանկությունն է եղել՝ խորացնել հայ-ռուսական հարաբերություններն ընդհանուր ոչ այնքան բարենպաստ ֆոնի ներքո։ Թե որքանո՞վ այս ամենը կծառայի իր նպատակին՝ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա։ Բայց հայկական կողմը բավականին զգույշ գտնվեց այս ծրագիրը կազմակերպելիս՝ արևմտյան պաշտոնյաների հետ շփումներում ցույց տալով, որ սա զուտ հումանիտար նախաձեռնություն է՝ ուղղված հայ համայնքի խնդիրների վերացմանը։ Դժվար է այս պնդումն անտեսել՝ հաշվի առնելով համայնքի առկայությունը Սիրիայում, այնտեղ ստեղծված իրավիճակը, սպառացող խնդիրները, ուստի կարծում եմ՝ այս պատճառաբանությունը համոզիչ է դիտարկվում։

ՀՀ իշխանությունները Բոլթոնի հետ հանդիպմանը ևս վստահեցրել էին, որ սա մարդասիրական նախաձեռնություն է, և, ինչպես երևաց հետո Բոլթոնի ձևակերպումներից, ամերիկյան կողմը դրանք ընդունել է։ Բնականաբար, այս առաքելությունը դուրս չի լինելու ամերիկյան դիվանագիտության ուշադրությունից՝ համոզվելու համար, թե որքանով են արժանահավատ հայկական կողմի պնդումները։

Սա մի փուլ է, երբ բոլոր տերություններն ուսումնասիրում են ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությունը։ Ինչպես ասել էի ավելի վաղ, կա գիտակցում, որ շրջադարձեր Հայաստանն անել չի կարող, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ուսումնասիրվելու է»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Սթրոնսկին՝ նշելով, որ այս պահի դրությամբ այդ առաքելության հետ կապված մտահոգություններ չկան, քանի որ Միացյալ Նահանգները և Արևմուտքն ընդհանուր առմամբ վստահեցվել է, որ սա ռազմական բաղադրիչ չի ունենալու։

Սակայն, ըստ նրա, Սիրիայում ցանկացած տեսակի գործունեություն այսօր կարելի է համարել վտանգավոր, առավել ևս՝ Հայաստանի նման երկրի պարագայում։ Նրա խոսքով, ներկայումս սիրիական զարգացումներն ավելի դրական ֆոն ունեն, կան պայմանավորվածություններ Թուրքիայի հետ, ԱՄՆ-ը որոշել է Սիրիայից ամբողջությամբ դուրս բերել զորքերը, հայտարարվում է ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին, ինչը, ըստ էության, ստվերում է այս հարցը, քանի որ ավելի գլոբալ համաձայնություններ կան։

«Չնայած սիրիական հակամարտության դեպքում դժվար է ասել, թե նույնիսկ այս կետից հետո ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ շահերը շատ տարբեր են, իրավիճակը փխրուն է, և ցանկացած պահի կողմերից մեկի կողմից պայմանավորվածության խախտումը կարող է իրավիճակի սրման պատճառ դառնալ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս