«Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչներին քողարկված հրահանգ է տվել ՄԻԵԴ-ում պարտվել, որ ապացուցվի, թե նախկիններն ապօրինի են գործել». Հայկ Ալումյան. tert.am

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել: Նրա խոսքով՝ փորձ է արվելու ՄԻԵԴ-ի գործերը և դրանց վերաբերյալ ապագայում կայացվելիք վճիռներն օգտագործել քաղաքական նպատակներով. «Նախանշանները կարծես զգացվում են»,- ասաց նա:

tert.am-ի փոխանցմամբ՝ Հայկ Ալումյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. սեպտեմբերի 19-ին Փարիզում ունեցած ելույթը, որտեղ, նրա խոսքով՝ Փաշինյանն ասել է, որ իրեն մեղադրում են դատական գործերի մեջ ներգրավվելու համար: Ալումյանը մեջբերեց Ն. Փաշինյանի խոսքը, որտեղ նա ասել էր, որ սկզբից գաղափար կար, որ պետության հեղինակությունից ելնելով, այսպես ասած, գնան համաձայնության, այսինքն՝ դիմողները ճիշտ են, պետությունը համաձայն է, և բանը վճռին չհասնի, ինչը, ըստ փաստաբանի, տրամաբանական է, եթե ճիշտ են:

Մինչդեռ Փաշինյանը նշել է, որ հիմա այդ ճանապարհով չեն գնալու: «Թող գնան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ բոլոր գործերը պարտվեն ՄԻԵԴ-ում, և այդ գործերը հետ գան, այդ ժամանակ իրենք պատասխան տան, որ տասնյակ գործերում ապօրինի վճիռներ են կայացվել»,- Փարիզում Փաշինյանի ելույթից մեջբերեց Ալումյանը:

Ըստ նրա՝ երկրի ղեկավարն ասում է, որ մարդկանց իրավունքները խախտվել են, և սա արդեն իսկ նշանակում է վճիռներն օգտագործել քաղաքական օպոնենտների մեջ: «Սա քողարկված հրահանգ է մեր ներկայացուցիչներին, որոնք պարտավոր են ՄԻԵԴ-ում կառավարության կողմից առարկել դիմումատուների դեմ, փաստորեն, հրահանգվում է գնալ ու ՄԻԵԴ-ում գործերը պարտվել, որ վարչապետն ապացուցի, թե նախկինները ապօրինի են գործել, սա վտանգավոր տենդենց է: Եթե լուրջ հակափաստարկներ չեն ներկայացնում, այլ բան չի մնա, որ ՄԻԵԴ-ը հաստատի, որ մարդկանց իրավունքները խախտվել են, մինչդեռ հնարավոր են այլ կարգի վճիռներ, հիմա մեր կառավարությունը, ըստ այս հրահանգի, չի դիմադրելու, և դրանք բերվելու են ու օգտագործվեն քաղաքական նպատակներով»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս