Խաբեությամբ Հայաստանում հայտնված չորս հնդիկները վերադարձել են Հնդկաստան. մեղավորները Փենջաբում ձերբակալվել են
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական ընկերությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
«Փենջաբից Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր Հայաստանում հայտնվել էին դժվարին կացության մեջ, այսօր (խմբ. – փետրվարի 8-ին) ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ:
Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխը հայտնել է, որ կարգադրել է տեղի ոստիկանությանը հետևել հետաքննության ընթացքին: «Գործով 5 մեղադրյալներից 2-ը ձերբակալվել են Քափուրթալա քաղաքի ոստիկանության կողմից: Մնացածները ևս շուտով կձերբակալվեն: Փենջաբի ոստիկանությունը իմ հանձնարարականներով ուսումնասիրում է դեպքը»,- «Թվիթեր»-ում գրել է Ամարինդեր Սինխը՝ ի պատասխան Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հայտարարության, որում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, թե Փենջաբի ղեկավարը խոստացել է անմիջապես քայլեր ձեռնարկել դեպքի առնչությամբ:
Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել: Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն: