
Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներն ականային վտանգի իրազեկում կանեն հայկական դպրոցներում

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար Հալեպում գտնվող հայ մասնագետներից բաղկացած խումբը նպատակ ունի իրազեկելու Սիրիայի ժողովրդին բժշկական օգնության, ականային վտանգի հարցերում և իրականացնելու ականազերծման աշխատանք: Այս մասին ասել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:
«Ականային վտանգի իրազեկման աշխատանքներ կիրականացնենք հիմնականում հայկական դպրոցներում, քանի որ առկա է լեզվի խնդիրը»,- պարզաբանել է Առաքելյանը:
Նրա խոսքով՝ դեռևս 2017 թվականին իրենք դիմել են Հայաստանում Սիրիայի դեսպանատանը՝ Սիրիայի բնակչությանն աջակցելու պատրաստակամությամբ: «Առաջարկել ենք նախ և առաջ ականային վտանգի իրազեկման և ականազերծման խնդիրների հարցում օգնություն»,-նշել է նա:
Փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ: