Բաժիններ՝

Շարքային քաղաքացին 5 տարի հետո 30-35 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու. նախարար

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխությունն այն է, երբ բոլոր մարդիկ ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու և գործելու հնարավորություն: Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե՝ կառավարության ծրագրում նշված 5 տոկոս տնտեսական աճը, արդյոք, հեղափոխակա՞ն է, և ի՞նչն է այս ծրագրում հեղափոխական՝ ինչպես նշում է վարչապետը:

«Այսինքն՝ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսական կյանքի  մասնակիցները, կառավարությունն այդ մեծ խաղի մեկ կարևոր կազմակերպիչը և մասնակիցն է և պարտավոր է անել այնպես, որ տնտեսավարող սուբյեկտների նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի, և աջակցություն ցուցաբերի: Դա շատ կարևոր փոփոխություն է և հեղափոխություն է»,- ասաց նա:

Անդրադառնալով քննադատությանը, թե կառավարության նոր ծրագիրը նախորդի կրկնությունն է,  նախարարն ասաց. «Կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք, բայց շեշտադրումների տարբերություններ կգտնեք, կարևոր է, թե ինչպիսի շեշտադրումներ է կատարում կառավարությունը և այդ ուղղություններով ինչ քայլեր է անում: Հավասար մրցակցությունը, շուկաներ մուտքի ազատությունը և գործելու ազատությունները ոչ միայն խոսք են, այլև գործ, և դա պետք  է խորացվի, մենք չենք կարծում, որ բոլոր հարցերը լուծված են»:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կան բազմաթիվ ասված բաներ, որոնք արդեն իրականություն են:

Անդրադառնալով գործազրկությանը՝ նա նշեց, որ եթե տնտեսական աճը միջինը հինգ տոկոս կլինի, դա նշանակում է, որ եթե արտադրողականությունը տնտեսության մեջ նույնիսկ չավելանա, ապա այդ աճը 17-18 հազար մարդու թույլ կտա աշխատանք ունենալ:

Խոսելով շարքային քաղաքացու վրա տնտեսական աճի անդրադարձի մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, թե քանի որ աճը լինելու է ավելի ներառական, ապա շարքային քաղաքացին հինգ տարի հետո 30-35 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու, քան ունի այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս