ԱՄՆ-ում հարգել են բոլոր զոհված աստղագնացների հիշատակը
Միացյալ Նահանգներում անցկացվել են Զոհված աստղագնացների հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության (NASA) ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ միասին Վաշինգտոնի արվարձանի Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրել Challenger եւ Columbia տիեզերանավերի անձնակազմերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրին։
«Այսօր մենք հիշում ենք «Ապոլոն-1»-ի, Challenger-ի եւ Columbia-ի անձնակազմերին, ինչպես նաեւ NASA-ի ընտանիքի մյուս բոլոր անդամներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն տիեզերքի ուսումնասիրման NASA-ի առաքելության: Մենք խորապես երախտապարտ ենք նրանց բոլորին եւ միշտ հարգելու ենք նրանց ժառանգությունը»,-հայտարարել է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության ղեկավարը:
Զոհված աստղագնացների հիշատակի օրվա առթիվ հայտարարությամբ հանդես Է եկել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք հարգում ենք այդ համարձակ տղամարդկանց ու կանանց ժառանգությունը,-ասված է այն հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:-Մենք պարտավորվում ենք շարունակել այն հավակնոտ ապագայի կառուցումը, որը նրանք ցանկանում էին ամբողջ մարդկության համար»:
Հիշատակի օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել նաեւ Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանում Ջոն Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնում: Այնտեղ տեղադրված սեւ գրանիտե 12-մետրանոց պատի պատվանդանին, որի վրա փորագրված են ամերիկացի բոլոր այն 24 աստղագնացների անունները, որոնք զոհվել են դեպի աստղեր ճանապարհորդության կամ Երկրի վրա տիեզերական թռիչքներին պատրաստվելու ժամանակ, փետրվարի 7-ին ծաղկեպսակներ ու ծաղկեփնջեր են դրվել: Հիշատակի միջոցառումներ են կայացել NASA-ի նաեւ մյուս կենտրոններում ամբողջ երկրում, որտեղ նաեւ խոնարհված էին դրոշները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: