Բաժիններ՝

Grammy-ի կազմակերպիչներից վիրավորված Արիանա Գրանդեն չի պատրաստվում ելույթ ունենալ մրցանակաբաշխությանը. Variety

Փոփ-երգչուհի Արիանա Գրանդեն չի պլանավորում Լոս Անջելեսում ելույթ ունենալ Grammy Awards-ի 61-րդ մրցանակաբաշխության արարողությանը եւ մտադիր չի ներկա լինել այնտեղ: Այդ մասին հայտնել է Variety-ն՝ վկայակոչելով իրազեկ անձանց: Նրանց պնդումներով՝ երգչուհին իրեն վիրավորված է զգում այն բանից, որ արարողության կազմակերպիչները սկզբնապես հրաժարվել էին իրեն հնարավորություն տալ արարողության ժամանակ կատարել 7 Rings երգը իր նոր՝ Thank U, Next ալբոմից, որը պետք է լույս տեսնի փետրվարի 8-ին՝ պարգեւատրման արարողությունից երկու օր առաջ:

Ի վերջո, հանդեսի տվյալներով, փոխզիջում է ձեռք բերվել 7 Rings-ի կատարման հարցի շուրջ, սակայն այն բանից հետո, երբ միջոցառման կազմակերպիչները պահանջեցին, որ երգչուհու երկրորդ երգի ընտրությունն իրենցը լինի, Արիանա Գրանդեն հրաժարվեց մասնակցությունից: Իրազեկ աղբյուրը հանդեսին հայտնել է, որ նման սահմանափակումներ չեն դրվել շոուի մյուս մասնակիցների վրա: Գրանդեն իր կարիերան սկսել է 2008 թվականին «13» մյուզիքլով:

2009 թվականին նա գլխավոր դերն է ստացել «Վիկտորյան հաղթողն է» հեռուստասերիալում: 2013 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ Yours Truly-ն, իսկ 2016 թվականի նոյեմբերին American Music Awards երաժշտական մրցանակին է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում: 2017 թվականին երգչուհին օգնել է բարեգործական համերգ կազմակերպել Մանչեսթրում՝ ի օգնություն այն ահաբեկչության հետեւանքով տուժածների ու զոհվածների ընտանիքների, որը տեղի է ունեցել իր ելույթից հետո:

Grammy-ի 61-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 10-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումն անցկացվելու է Staples Center մարզական-ժամանցային համալիրում: Ռեփ-կատարող Քենդրիք Լամարը եւ նրա գործընկեր Օբրի Դրեյք Գրեմը, որը հայտնի է որպես Drake, առաջատարներն են անվանակարգերի թվով: Լամարը Grammy մրցանակի է հավակնում ութ կատեգորիայում, Drake-ը՝ յոթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս