
Ատոմ Ջանջուղազյանը համամիտ չէ կառավարության ծրագրում թվային ցուցանիշների բացակայության մասին գնահատականների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համամիտ չէ տեսակետներին, թե կառավարության ծրագրի հետ կապված քննադատությունների, թե դրանում չկան թվային ցուցանիշներ և նպատակներ: «Այդ գնահատականներն իրավունք ունեն գոյություն ունենալ, ըստ որոնց՝ ծրագրում բացակայում է որևէ ցուցանիշ: Կա մեկ այլ թեզ, ըստ որի՝ եթե չկա որևէ ճշգրիտ պահանջ այս կամ այն ծրագրի նկատմամբ, ապա այն պետք է գնահատվի որպես տեսական: Բացարձակ համամիտ չեմ այդ գնահատականին: Ծրագիրն ունի հիմնական թվային ցուցանիշներ, որոնք բավարար են: Ծրագրում կան կարևոր դրույթներ, որոնք հայտարարում են կոնկրետ ուղղությունները, նպատակները և համապարփակ կերպով տեղեկատվություն են տալիս անելիքների մասին»,- ասաց Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ ծրագրի ընդունմանը հաջորդելու է միջոցառումների կոնկրետ ծրագրի ընդունումը, որտեղ կլինեն և ժամկետներ, և թվեր, և գործողություններ: «Կառավարության ծրագիրը ավելի շուտ հայտարարություն է կոնկրետ նպատակների և դրանց հասնելու քայլերի մասին»,- ասաց նա:
Կառավարության ծրագիրը քննարկվել է գործադիրի փետրվարի 6-ի նիստում: Սպասվում է, որ այն կհաստատվի կառավարության փետրվարի 8-ի արտահերթ նիստում և կուղարկվի Ազգային ժողով: