
Փաշինյանն ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու Մակրոնի հայտարարությունը համարում է համերաշխության հզոր դրսևորում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին:
«Դա համերաշխության և մարդու իրավունքները պաշտպանելու ու զանգվածային վայրագությունները կանխելու վճռականության հզոր դրսևորում է»,- գրել է Փաշինյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: