
Ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն

Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Աքսոյը Մակրոնի որոշումը համարել է ընտրությունների ժամանակ հայ ընտրողների քվեներն ստանալուն միտված քայլ:
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը մյուս թուրք պետական գործիչների նման հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականությանը՝ Մակրոնի քայլը որակել է որպես հանուն անձնական և քաղաքական շահի արված միակողմանի քայլ:
Էմանուել Մակրոնի հայտարարությանը փետրվարի 6-ին անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: