«Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տված անձը պաշտոնի բարձրացում է ստացել». Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն անդրադառնալով այն խոսակցություններին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2002 թվականից համարվում է ՌԴ քաղաքացի, սակայն վերջինիս Ռոբերտ Քոչարյանը նշանակել էր Պաշտպանության նախարար, նշեց, որ հավաստի աղբյուրներից լսել է, որ Մ. Հարությունյանը եղել է ՌԴ քաղաքացի և կա, բայց թե ո՞ր թվականից՝ տեղյակ չէ։
«Պարոն Քոչարյանի հետ այդ հարցը չեմ քննարկել։ Եթե չեմ սխալվում՝ Միքայել Հարությունյանը 1992 թվականից սկսած ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է բավականին բարձր պաշտոններ, ինչը ենթադրում էր, որ նա պետք է լիներ ՀՀ քաղաքացի։ Պետք է հաշվի առնեք, որ ՀՀ նախագահը երբեք անձամբ չի ստուգում ինչ-որ մեկի քաղաքացիությունը։ Այդ պատճառով չեմ կարող մեկնաբանել, թե Մ. Հարությունյանը երբ է դարձել ՌԴ քաղաքացի»,- ասաց փաստաբանը։
Ին վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին այցելած անձանց, Հայկ Ալումյանը նշեց, որ չի լսել, որ երկրորդ նախագահին որևէ պատգամավոր այցելած լինի։
«Բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա փորձել է այցելել երկրորդ նախագահին, բայց չեմ ուզում մանրամասնել, թե ով։ Պարոն Քոչարյանը չի ցանկանում, որ այս հարցը մեկնաբանեմ»,- շեշտեց փաստաբանը։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դատական գործում կա՞ն ուղղորդված կամ կեղծ ցուցմունքներ, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ կա ցուցմունք, որի մեջ կա մի հատված, որն իրականությանը չի համապատասխանում։
«Այդ ցուցմունքը տված անձը պաշտոնում բավականին բարձրացում է ունեցել։ Եթե ցանկանայի անուն տալ, միանգամից կտայի։ Նախաքննական գաղտնիքի տեսանկյունից՝ անուն չեմ տա»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։
Զվարթ Խաչատրյան