Ոտնձգություն թատրոնի նկատմամբ. գողերը հասել են թատրոն
Երեկ ուշ գիշերին գողերը փորձել են ներխուժել Պետական Կամերային երաժշտական թատրոն: Այս մասին 168.am-ին հայտնեց թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:
Բարեբախտաբար, նրանց չի հաջողվել նպատակին հասնել, քանի որ թատրոնն անցած տարի նոր տնօրենի նշանակումից հետո ամբողջովին վերազինված է անվտանգության համակարգով: Համակարգի 170 անվտանգության ազդանշանով ահազանգ ստացած ոստիկանությունն անմիջապես ժամանել է դեպքի վայր, սակայն հանցագործները հասցրել են փախուստի դիմել:
Թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը խիստ մտահոգված է դեպքից և չի կարողանում հիշել, թե վերջին երկու տասնամյակում երբ են գողերն այսքան բարոյալքված եղել, որ հանդգնեն թատրոն մտնել: Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել ՝ նախազգուշացնելու նաև իր մյուս գործընկերներին, որպեսզի զգոն լինեն և զինվեն անվտանգության ժամանակակից տեխնիկայով, քանի որ այլևս ապահովագրված չեն:
«Համահայաստանյան ներված գողերն այս գիշեր հասել են նաև Պետական կամերային երաժշտական թատրոն, դե, ներկայացում գիշերվա 3-ին չեն կարողացել նայել, բայց այլ ախորժակ են ունեցել,սակայն մուրազները փորն ա մնացել: Դեռ օգոստոս ամսին ամբողջ թատրոնի շենքը զինեցի անվտանգության համակարգերով, տեսախցիկներով, և կապվեցի ՀՀ ոստիկանության հետ, փառք ու պատիվ մեր ոստիկաններին, որ ազդանշանին օպերատիվ արձագանքել ու հասել են՝ գողերը դիմել են փախուստի…
Հ.Գ. Թատրոնի գործընկերներ ջան, անվտանգության համակարգեր տեղադրեք շենքերին, գողերն արդեն հասել են թատրոն, սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են»,- գրել է նա:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ