
Մեքսիկան և Ուրուգվայը Վենեսուելայի ճգնաժամի լուծման մեխանիզմ են առաջարկել

Ուրուգվայի եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարներ Ռոդոլֆո Նին Նովոան եւ Լուիս Վիդեգարայը, որոնք մասնակցելու են Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի՝ փետրվարի 7-ին նախատեսված հանդիպմանը, առաջարկել են այդ լատինամերիկյան երկրի ճգնաժամի կարգավորման քառաստիճան մեխանիզմ: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը:
Շփման խմբի նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: «Մեքսիկայի եւ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարներն առաջարկում են «Մոնտեվիդեոյի մեխանիզմը»՝ որպես Վենեսուելայի համար խաղաղ եւ ժողովրդավարական այլընտրանք: Եթե մեխանիզմն ընդունվի, այն բաղկացած կլինի չորս փուլից. անհապաղ երկխոսության հաստատում, բանակցային գործընթաց, համաձայնագրի մշակում եւ դրա իրագործում»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության՝ տարածված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: