«Պահանջում ենք, որ չկշռեն նաև մեր հագած շորերը, տարած ու հետ բերած ուտելիքը». Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները՝ Կառավարությանը
Թուրքիայից ապրանք ներկրող քաղաքացիները դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով, որպեսզի թողնեն ներմուծել օրենքով նախատեսված 25 կիլոգրամ ապրանքը, սակայն դրա հետ միասին՝ չկշռեն նաև իրենց հագած շորերը:
«Մեր պահանջում ենք, որ չդնեն կշռեն նաև մեր հագած շորերը: Օրինակ՝ երբ երկու շաբաթով ենք մեկնում Թուրքիա, ուտելիք ենք վերցնում, հետո ինչ մնում է՝ հետ ենք բերում՝ դնում են կշեռքին: Այսինքն, տարած ու հետ բերած ուտելիքը դնում են կշեռքին: Լինում է, որ տան համար մակարոն, ձեթ, լվացքի փոշի ենք բերում կամ 1 կգ կիվի՝ երեխաների համար, դնում կշռում են… Այն, ինչ բերում ենք վաճառելու՝ թող կշռեն, ոչ թե տան համար բերվող ապրանքն էլ ներառեն այդ կիլոգրամի մեջ: Մարդ կա՝ skype-ով, viber-ով է աշխատում: Գումարը փոխանցում է, ապրանքն ուղարկում են, գնում է դիմավորելու Վրաստանում: Հետ է գալիս՝ չեն թողնում, ասում են, թե՝ ապրանքը Թուրքիայից է եկել, դու էլ անձնագրում չունես Թուրքիայի կնիք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին առևտրականները:
Նշենք, որ 2019թ. հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
Անի Կարապետյան