
«ԵԽԽՎ-ում Հայաստանի նկատմամբ փոփոխված էր Ադրբեջանի պատվիրակության հռետորաբանությունը». Մելքումյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նկատմամբ ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը փոփոխվել է: Այսօր Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:
«Քանի որ ես նախորդ մի քանի տարիներին ևս մասնակցել եմ ԵԽԽՎ նիստերին, կարող եմ նշել, որ Հայաստանի նկատմամբ փոփոխված էր Ադրբեջանի պատվիրակության հռետորաբանությունը: Չնայած մենք բավական հուժկու հակադարձումներ ունեցանք, որոշակի նրբերանգներ փոփոխված էին»,- ասաց Մելքումյանը:
Պատվիրակության անդամը չմանրամասնեց, թե ինչպիսին էր այդ փոփոխությունը, բայց ասաց, որ դրա պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էին: