
Մերկելը կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները չինական ընկերությունների գործունեության նկատմամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ անհրաժեշտ է անվտանգության ավելի խիստ միջոցներ ձեռնարկել այն գործունեության ու սարքավորումների նկատմամբ, որոնք արտադրվում եւ մատակարարվում են չինական հեռահաղորդակցական ընկերությունների, մասնավորապես, Huawei-ի կողմից՝ կանխելու համար նրանց կողմից Չինաստանին երրորդ երկրների քաղաքացիների անձնական տվյալների փոխանցումը։
Մերկելը, ելույթ ունենալով Տոկիոյի Կեյոյի համալսարանում, հայտնել է, որ Գերմանիայում «բուռն քննարկումներ են տեղի ունեցել» Huawei-ի սարքավորումներն օգտագործելու հարցերի շուրջ:
Կանցլերի խոսքով՝ հարկ է Պեկինին հայտարարել, որ ընկերությունները չպետք է չինական պետությանը փոխանցեն իրենց կողմից օգտագործվող բոլոր տվյալները: Մերկելը նշել է, որ այդ թեմայի շուրջ բանավեճերը Գերմանիայում շարունակվելու են, այդ հարցը քննարկվելու է նաեւ Միացյալ Նահանգների հետ:
Գերմանիայի կանցլերը երկօրյա այցով գտնվում է Ճապոնիայում, նա արդեն հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ կայսր Ակիհիտոյի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: