
Հարավային Կորեան համաձայնեց մինչև 1 մլրդ դոլար ավելացնել ԱՄՆ-ի զորքը պահելու ծախսերը. CNN

Կորեայի Հանրապետությունն ԱՄՆ-ի հետ կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի ընթացքում համաձայնել է մինչեւ մոտավորապես 1 միլիարդ դոլար ավելացնել Կորեական թերակղզու հարավում տեղաբաշխված ամերիկյան զորքերը պահելու հատկացումները:
Փետրվարի 4-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու աղբյուր: Նրանց տվյալներով՝ համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետը սահմանափակված է մեկ տարով:
Այնուհետեւ կողմերը կարող են այն երկարաձգել եւս մեկ տարով, ճշտել են հեռուստաընկերության աղբյուրները: Ինչպես տեղեկացրել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական մի աղբյուր, հենց ԱՄՆ-ն է զիջումների գնացել ամերիկյան զորքերը պահելու ծախսերի վճարման հարցում:
Ավելի վաղ ամերիկյան կողմը Հարավային Կորեայից պահանջում էր մինչեւ 1,2 միլիարդ դոլար, ըստ որում անցյալ տարի Սեուլի վճարը կազմել է 860 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: